«Սուրբ Ծնունդ. Մանրանկարչական ներշնչումներ» ցուցադրություն 6+

Մատենադարան

✨Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ Մատենադարանում կբացվի «Սուրբ Ծնունդ. Մանրանկարչական ներշնչումներ» խորագրով ցուցադրություն։

Ներկայացվելու են բացառիկ մանրանկարներ , որոնցից շատերը առաջին անգամ են ցուցադրվելու։
Քրիստոսի երկրային կյանքի ամենակարևոր դրվագներից մեկը` Սուրբ Ծնունդը, հայկական մանրանկարչության տերունական պատկերաշարի, որը Քրիստոսի կյանքը ներկայացնող մանրանկարների շարքն է, 12 թեմաներից մեկն է: Ծննդյան տեսարանը պատկերելիս՝ հայ մանրանկարիչները ներշնչվել են ինչպես սուրբգրային, այնպես էլ՝ պարականոն բնագրերից:


Հայ արվեստում Սուրբծննդյան տեսարանի հնագույն պատկերները մեզ են հասել 6-րդ դարից։ Դրանք են Օձունի նշանավոր կոթողի հարթաքանդակը, Էջմիածնի Ավետարանի փղոսկրյա կազմի վրա Ծնունդն ու մոգերի երկրպագությունը ներկայացնող դրվագները և նույն ձեռագիր մատյանում զետեղված «Մոգերի երկրպագություն» մանրանկարը։ Մանրանկարչության մեջ այս տեսարանը հանդես է գալիս քիչ ավելի ուշ: Մեզ հայտնի վաղագույն օրինակները հանդիպում են 11-րդ դարի նկարազարդ ավետարաններում:


Ըստ ընդունված պատկերագրության՝ տեսարանի կենտրոնում որպես առանցքային կերպարներ ներկայացվում են Աստվածամայրը և Մանուկ Քրիստոսը քարայրում: Քրիստոսի խանձարուրի շուրջ պատկերվում են ավանակն ու եզը` ի նշան հնազանդության և երկրպագության: Վերևից դեպի Քրիստոսի խանձարուրն է ճառագում բեթղեհեմյան ուղեցույց աստղը, իսկ երկնային զորությունները` հրեշտակները, օրհնում են Աստծուն` փառաբանելով Քրիստոսի ծնունդը: Հովսեփը սովորաբար ներկայացվում է մեկուսի խորհելիս՝ մանրանկարի ստորին ձախ անկյունում:


Ծննդյան տեսարանը հաճախ զուգորդվում է մոգերի երկրպագության, հովիվների այցի և մանկան լոգանքի մանրամասներով: Երեք մոգերը` Մելքոնը, Գասպարը և Բաղդասարը, պատկերվում են թագավորական հանդերձանքով, հաճախ՝ առանց ձիերի, երբեմն էլ` ձիերով: Նրանք Քրիստոսին են ընծայում իրենց նվերները` ոսկին, կնդրուկը (անուշահոտ խեժ) և զմուռսը: Հովիվները սովորաբար պատկերվում են հոտն արածեցնելիս, սրինգ նվագելիս կամ մահակը ձեռքներին: Մանկան լոգանքը հիմնականում պատկերվում է հորինվածքի ստորին գոտու աջ անկյունում: Կենտրոնում ջրով լի ավազանն է, մանկաբարձուհիներից մեկը ձեռքում սափոր է պահում, իսկ մյուսը պատրաստվում է Մանկանն ընկղմել ջուրը, կամ Նա պատկերված է արդեն ջրում: Երկու մանկաբարձուհիներից մեկը Եվան է, ով այս դրվագում խորհրդանշում է փրկագործությունը:

Նման իրադարձություններ
Մոտակա իրադարձություններ