Քայլող կինը

Մարտիրոս Սարյանի Տուն-թանգարան

1911 թվականին Սարյանն այցելեց Եգիպտոս: Դեռևս երիտասարդ տարիներից ոգեշնչված լինելով այս արևելյան երկրով և նրա հնագույն մշակույթով, նկարիչը ճամփորդական տպավորությունների ներքո ստեղծեց իր հռչակավոր եգիպտական շարքը, որում ուշագրավ է եգիպտուհիների պատկերումը: Այդ պատկերների մեջ առաջնահերթ տեղ է գրավում «Քայլող կինը» կտավը:
Ինչպես գեղարվեստորեն մեկնաբանել է արվեստաբան Ալեքսանդր Կամենսկին՝ կնոջ դեմքն այնքան ընդհանրացված է պատկերված, որ, կարծես, մարդկային դեմք խորհրդանշող հիերոգլիֆ լինի, իսկ կիսադեմից կնոջ ֆիգուրի պատկերումը ակնհայտորեն հիշեցնում է հին եգիպտական որմնանկարներում մարդուն պատկերելու օրինաչափությունը: Ընդհանրացումը հասցված է առավելագույնի, իսկ որոշ տարրեր ձեռք են բերել խորհրդանիշի իմաստ` սկուտեղի վրա մրգի բլրակը ասոցացվում է բուրգի հետ, իսկ եգիպտուհու կիսադեմը հիշեցնում է Սֆինքս: Այդ մտքին են տանում Սարյանի հետևյալ հիշողությունները. «Բուլակյան թանգարանից դուրս գալուն պես, հենց այնտեղ` փողոցում, կարելի էր տեսնել մարդկանց, որոնք, կարծես թե, եղել են այն բնորդները, որոնցից կերտվել են թանգարանում ցուցադրված քանդակները...
Դա զարմանալի էր և միևնույն ժամանակ մի տեսակ վախեցնող: Կարծես նրանք` հնագույն ժողովրդի այս ներկայացուցիչները, եկել են հազարամյակների խորքից` մարդկության քաղաքակրթության արշալույսին ստեղծելով հզոր պետություն»:

Նման Էքսպոզիցիաներ
Մոտակա Էքսպոզիցիաներ