Արագած, 1925

Մարտիրոս Սարյանի Տուն-թանգարան

Սարյանի արվեստում հողագործի կերպարին մեծ տեղ է հատկացված: Լինելով հողագործի որդի, նա վաղ մանկությունից տեսել է, թե ինչ դժվարությամբ է մարդը հողից հաց քամում: «Արագած» մեծադիր կտավը կարծես ազգային երգ դարձած «Հորովելի» գեղանկարչական արտահայտությունն է: Դիտողի առջև բացվում է լեռնային լայն, բազմապլան մի պատկեր՝ հորիզոնում խոյացող Արագած լեռան մոնումենտալ, մանուշակագույն գագաթներով: Նկարի խորքից դեպի դիտողը անկյունագծով քայլում են լծված եզները և մաճկալը՝ արորը ձեռքին: Արագածն իր բազալտե ծանրությամբ կարծես ընդգծում է հողագործի ծանր, բայց և կյանքի համար այդքան անհրաժեշտ, սուրբ աշխատանքը:

Սարյանի հետևյալ տողերը կարծես այս նկարի հիմնական գաղափարի բանալին են. «Իմ ձգտումն է՝ դժնի արհավիրքներով անցած, արյամբ և հավատքով սրբագործված մեր փոքր երկիրը պատկերել իր շոշափելի գոյությամբ: Արագածի փեշը կազմող այս հողակտորը՝ ես դիտում եմ իբրև հույսի աղբյուր: Ես ուզում եմ ցույց տալ աշխարհին, որ այս լեռնոտ երկիրը կա, իր կրծքի վրա պահում է, ճիշտ է մի բուռ, բայց աշխատասեր մի ժողովուրդ՝ իր հերոսական պատմությունը խորհրդանշող հոգևոր բազմադարյա արժեքներով»:

Նման Էքսպոզիցիաներ
Մոտակա Էքսպոզիցիաներ