Ինքնադիմանկար: Երեք հասակ

Մարտիրոս Սարյանի Տուն-թանգարան

Սարյանի ստեղծագործությունների շարքում առանձնահատուկ տեղ է գրավում փիլիսոփայական բնույթի «Ինքնադիմանկար: Երեք հասակ» նկարը, որը նա վրձնել է 1942 թ.: Այն նույնպես կառուցված է տարբեր ժամանակներ արտացոլող մի քանի դրվագների միավորման սկզբունքով: Աջ կողմում Սարյանն իրեն պատկերել է տակավին երիտասարդ տարիքում, ռոմանտիկ ու երազկոտ հայացքով նայող դեպի ապագան: Ձախից` նա հասուն տղամարդ է, աչքերը կկոցած ուսումնասիրում է իրեն շրջապատող աշխարհը: Կենտրոնում՝ տարիքն առած իմաստուն է, որն ի մի է բերում իր կյանքի անցած ուղին: Նրա թափանցող հայացքը ուղղված է դիտողին:
Հենց այդպիսին էր Սարյանը, երբ ստեղծում էր այս կտավը: Հետաքրքրական է, որ երիտասարդ տարիքի իր ինքնադիմանկարի ստեղծման համար նկարիչն օգտագործել է 1910 թ. իր լուսանկարը, իսկ միջին տարիքի ինքնադիմանկարի համար` 1933 թ. արված «Դիմակով ինքնանկարը»: Երեք ֆիգուրներն էլ Սարյանը նկարել է Հայաստանի բնապատկերի ֆոնի վրա, որի խորքում պատկերել է իր տունը, իսկ հորիզոնի գծից վեր` սրբազան Արարատ լեռան գագաթը: Հայրենիք, տուն, Արարատ - ահա այն սրբությունները, որոնք Սարյանը պաշտպանում է իր ամենահզոր զենքով` արվեստով, ոգեկոչելով իր երեք ինքնությունները՝ երեք հասակը:

Նման Էքսպոզիցիաներ
Մոտակա Էքսպոզիցիաներ