Կոստանդնուպոլսի շները

Մարտիրոս Սարյանի Տուն-թանգարան

Նպատակ ունենալով մոտիկից ճանաչել և ուսումնասիրել Արևելքի բնությունը և մարդկանց նիստ ու կացը Սարյանը՝ 1910 թվականի փետրվարին 26-ին ուղևորվում է Թուրքիա՝ Կոստանդնուպոլիս, որտեղ ապրում է երկու ամիս և ստեղծում իր առաջին արևելյան շարքի գլուխգործոցները: «Կոստանդնուպոլսի շները» Տուն-թանգարանի հավաքածուում գտնվող այս շրջանի միակ գեղանկարն է:
Իր հուշերի գրքում նկարիչը գրում է. «Կենդանիների ուսումնասիրության առատ նյութ կար: Շները ապրում էին հոտերով, ավելի ճիշտ, ընտանիքներով, որոշակի տեղերում… Նրանց կողքով, հանգիստ օրորվելով, յուրահատուկ ռիթմով քայլում էին լայն շալվարներով և կարմիր ֆեսերով տղամարդիկ, փայտե քստիկներով, չադրաներով թրքուհիներ, երեխաներ: Շներին ոչ ոք ձեռք չէր տալիս»: Առաջին պլանում ներկայացված է կռվող շների մի խումբ:
Դրանք յուրօրինակ հակադրության մեջ են խանութի ցուցափեղկի մոտ նստած ծուլորեն նարգիլե ծխող վաճառականի հետ: Դիտողի հայացքը սահում է փողոցով դեպի վեր քայլող՝ չադրայի մեջ փաթաթված կինը և խոտով բարձված ավանակը:
Կոստանդնուպոլսի առօրյա կյանքից վերցված այս դրվագը, պատահական ակնթարթը, իր հերթին ամբողջական պատկերացում է տալիս քաղաքի յուրահատուկ կոլորիտի վերաբերյալ:

Նման Էքսպոզիցիաներ
Մոտակա Էքսպոզիցիաներ