Եգիպտական դիմակներ
Մարտիրոս Սարյանի Տուն-թանգարանՍարյանի ստեղծած նատյուրմորտների շարքում «Եգիպտական դիմակներ» -ը բացառիկ տեղ է գրավում: Առաջին հայացքից այն ընկալվում է որպես նորարարական արվեստի ինքնատիպ, գունեղ, դեկորատիվ կտավ, բայց ստեղծման տարեթիվը՝ 1915 թվականը, հուշում է, որ եգիպտական դիմակների միջոցով նկարիչն արտահայտել է Արևմտյան Հայաստանում մոլեգնող ջարդերի, կոտորածների հետ կապված իր մտքերն ու ապրումները: Նկարի ձախ վերին անկյունում պատկերված սև դիմակի աչքերում դրոշմված է ցավ, արտասուք: Ներքևի ձախ անկյունում՝ մեկ ուրիշ դիմակ՝ հազիվ նշմարվող հույսի կիսաժպիտ դեմքին: Աջ վերևի անկյունում, հոնքերը վեր բարձրացրած՝ զարմանք և սարսափ արտահայտող մեկ այլ դիմակ:
Նկարի կենտրոնում՝ դարերի խորքից դեպի ապագան հուսադրող հայացքով նայող դեղին, լուսավոր մի դիմակ: Նրա կողքին պատկերված է սպիտակ ծաղկաման, որի վրա դրված է հավերժության խորհրդանիշը՝ կապույտ գնդի ձևով: Այս համադրությունը կարծես ընդգծում է ստեղծագործության հիմնական գաղափարը, այն է՝ 1915 թվականը հայ ժողովրդի պատմության վերջին տարեթիվը չէ, այլ մի հերթական փորձություն, որից նա անպայման դուրս է գալու՝ շարունակելու համար իր առաքելությունը, որպես աշխարհի հնագույն ազգ: